Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@
Կյանքը կարող է անսպասելիորեն փոխվել մեկ վայրկյանում
Добавил: armenhakobyan 16 февраля 2016 01:05

Զվարճալի է, որ երբեմն կյանքը ծայրահեղ կերպով ու ընդմիշտ փոխվում է, և դա բոլորովին նորմալ է ընկալվում…

Շաբաթ օր էր, ձմեռային մի երեկո: Մենք նստած էինք վառվող օջախի մոտ: Մեր կողքին խաղում էր մեր փոքր որդին՝ գիրուկ ու գոհ: Նա թռչում էր «ճոճանակին»՝ իր փոքրիկ ոտիկներով, և ժպտում էր: Նրա կողքին մեր ավագ որդին էր՝ մի փոքր նրանից մեծ: Իսկ պատուհանի հետևում նրբորեն իջնում էր մեղմ ձյունը:

Այդ պահին էր, երբ մեր կյանքը փոխվեց՝ միանգամից ու անդառնալիորեն… հեռախոսը զանգեց:

Խոսողն ընկերուհիս էր՝ հուսահատ վիճակում հայտնված մի կին: Խեղդվող ու շնչասպառ ձայնով նա ասաց. «Ես այլևս չեմ դիմանա, ես այլևս չեմ կարող մայր լինել»: Ինձ քաջ ծանոթ էր նման ձայնը, այն հիշեցնում էր ինձ իմ տագնապով լի ու հուսահատ ժամանակները: Փորձելով հանգստացնել նրան՝ ասացի.

-Ես հասկանում եմ քեզ: Ինքս անցել եմ նման ժամանակներով: Բայց մի փոքր էլ համբերիր: Քեզ մոտ ամեն բան կստացվի:

-Ո՛չ,- ասաց նա: Եվ այդ ձայնի մեջ կային սարսափեցնող երանգներ: Նա իսկապես վախեցած էր:

Իմ ընկերուհին երիտասարդ էր ու միայնակ: Նոր էր բաժանվել իր ամուսնուց, ով նվաստացնում էր իրեն, և այժմ մնացել էր երկու փոքր տղաների հետ՝ առանց տան ու աշխատանքի: Ես ծանոթացել էի նրա հետ տասը տարի առաջ, երբ ծառայում էի՝ որպես կամավոր: Մի օր քայլում էի տեղական դպրոցի միջանցքով, երբ հանկարծ իմ առջև հայտնվեց նա՝ այն ժամանակ 12-ամյա մի աղջիկ՝ բաց գույնի մազերով, շատ արտահայտիչ դիմահարդարմամբ: Ես նայեցի նրան ու ակամայից ասացի. «Ցանկանո՞ւմ ես՝ միասին զբոսնենք ու սուրճ խմենք»: Այդ օրից հաճախ ենք հանդիպում և սուրճ խմում միասին:

Նա միշտ մոր կարիք ուներ, բայց փոխարենը՝ ինքը մայր դարձավ… երկու անգամ…

Եվ ահա, ձմեռային այն շաբաթ երեկոյան, փորձելով փրկել «խեղդվողին»՝ ես զգացի, որ Աստված ասում էր ինձ՝ «Գնա՛ նրա մոտ»: Ես գիտեի, թե Աստված ինչ էր ցանկանում՝ որ ես իմ խնամակալության տակ վերցնեի նրա երկու որդիներին:

Դա, իհարկե, իմ որոշումը եղավ: Ես կարող էի այլ կերպ վարվել: Կյանքը չէր ավարտվի, եթե ես այն ժամանակ անտեսեի Աստծո ձայնը: Եվ ես ինձ լիակատար հանգիստ կզգայի: Մենք հետո էլ հարմարավետորեն կտաքանայինք օջախի մոտ՝ մեր երկու երեխաների հետ, իսկ Աստված, ես համոզված եմ, մեկ ուրիշին կգտներ, ով Իրեն «այո» կասեր ու կօգներ իմ ընկերուհուն:

Պատանի տարիքում մայր լինելն ինձ մի դժվար խնդիր էր թվում: Ես գիտեի, թե ինչ է նշանակում «տալ ինքդ քեզ երեխաներին»: Ընծայել ընդմիշտ: Ապրել մեկ ուրիշի համար: Դա նշանակում էր, որ պետք է նվիրես ժամանակդ՝ փոխես տակդիրները, հետևես, կերակրես, գուրգուրես և այլն: Իսկ հիմա ես երկուսի փոխարեն միանգամից ունեցա մինչև 4 տարեկան չորս երեխա:

Բայց, հավանաբար, պետք է ավելի լավը դառնալու համար անսովոր բաներ անել: Բացահայտեցի այս ընթացքում, որ ինքս այնքան էի որոնել սեր իմ հանդեպ, այնքան էի կենտրոնացել այն հաճելի զգացման փնտրտուքների վրա, երբ քեզ սիրում են, որ մոռացել էի, թե ինչպես պետք է սիրել ուրիշներին:

Պարզեցի, որ ողջ կյանքս անցկացրել էի «սխալ երկնքում օդապարուկ թռցնելու» փորձերի մեջ: Ես միշտ հպարտությամբ «գլուխս վեր էի բարձրացնում»՝ փոխարենը ավելի հաճախ ներքև նայելու: Ես միշտ ցանկանում էի մի բան ստանալ, փոխարենը տալու: Փնտրում էի բարգավաճում՝ Աստծո մատակարարման վրա հուսալու փոխարեն:

«Հա՛յր մեր, որ երկնքում ես: Սուրբ լինի Քո անունը, գա Քո Արքայությունը: Եվ լինի Քո կամքը». ես հաճախ էի աղոթում այս աղոթքով, ու ահա «սպասմանս պատասխանն ինձ հասավ»՝ Աստծո կամքը հայտնվեց իմ կյանքում: Հայտնվեց ոչ հաճելի զգացումների ու հարմարավետության ճանապարհով, այլ երկու փոքր երեխաների միջոցով, ովքեր տուն չունեին ապրելու:

Մարդիկ ինձ խելագար էին անվանում, իսկ ես հաճախ չէի էլ փորձում կարդալ ինձ հասցեագրված նամակները: Եվ այդժամ Աստված ինձ հիշեցրեց այն հովվի մասին առակը, ով թողնում է 99 ոչխարներին՝ գնալով մեկին փնտրելու: Ապա հիշեցրեց այն կնոջ մասին, ով ողջ օրն անցկացրեց՝ մետաղադրամը որոնելով: Սերը կորսված ոչխարի ու մետաղադրամի հանդեպ ավելի մեծ էր, քան այս աշխարհի իմաստության:

Բայց ամենակարևորը, որ Աստված հիշեցրեց ինձ, այն էր, որ Նա տվել է Իր միակ Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այն մարդկանց համար, ովքեր չէին ճանաչում Իրեն, նրանց համար, ովքեր երեք անգամ ուրացան Իրեն, նրանց համար, ովքեր Իր հագուստը երեք մասի բաժանեցին, ու նրանց համար, ովքեր ծաղրում էին Իրեն, Իր զոհը: Այլ խոսքերով ասած՝ Աստված Իր ամենաթանկը զոհաբերեց ինձ նմանների համար:

Փոխարենը հրեշտակների զորաբանակ ուղարկելու՝ ապստամբող մարդկանց հանդարտեցնելու ու արդար դատաստան անելու համար, Աստված գամվում է խաչին ու մահանում նրանց իսկ փոխարեն: Շատերի տեսանկյունից՝ այդ ամենն իմաստ չուներ:

Զոհաբերող սերը հիմա էլ շատերի համար իմաստ չունի: Սակայն միայն հիմա է ինձ բացվում Ավետարանի իրական գեղեցկությունը, և ես իրական ուրախություն եմ վերապրում այն ամենի համար, որ ունեմ: Այժմ իմ «օդապարուկը» սավառնում է սիրո երկնքում:

Էմիլի Տ. Ուիրենգա

Просмотры (12263)  Комментарии (0)  Форум (Общие)
Зарегистрированный
Анонимно